ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԱՀՌԵԼԻ ԱՆԴՈՒՆԴՆ ԻՆՉՊԵՍ ԿԱՐ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՄՆԱՑԵԼ Է

ԱՀՌԵԼԻ ԱՆԴՈՒՆԴՆ ԻՆՉՊԵՍ ԿԱՐ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՄՆԱՑԵԼ Է
26.01.2010 | 00:00

Քաղաքական կանխատեսումը բարդ ու անշնորհակալ գործ է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ծանր և ձգձգվող հակամարտություններին։ Անկասկած, այդպիսին է նաև ղարաբաղյան հակամարտությունը, և շրջանառվող խոսակցությունները` «կճնշեն-չեն ճնշի, կստիպեն-չեն ստիպի, կհանձնեն-չեն հանձնի» թեմայով, ավելի շատ հիշեցնում են սրճագուշակություն և պայմանավորված են մասնակի քաղաքական շահերի ապահովման անհրաժեշտությամբ։
Փաստ է, որ ղարաբաղյան հակամարտությունն այնքան ամուր է կապված ու ժամանակի ընթացքում այնքան է խճճվել հակամարտության կողմերի ներքաղաքական, արտաքին քաղաքական ու հոգեկերտվածքային խնդիրների հետ, որ դրա կարգավորումը տեսանելի ժամկետներում այսօր էլ խիստ կասկածելի է։ Ներկա պահին հնարավոր է, թերևս, արձանագրել մի քանի ուրվագծված իրողություններ։ Առաջին` անցած տարվա աշնանից սկսած միջազգային ուժային կենտրոններն աննախադեպ ակտիվություն են դրսևորում կարգավորման գործընթացում։ Երկրորդ` ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների հետ կապելու բոլոր ջանքերը տապալված են։ Երրորդ` այսպես կոչված մադրիդյան սկզբունքները միջնորդ պետություններն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը համարում են բազային, և բոլոր բանակցությունները վերջնահաշվում «պտտվում են» դրանց շուրջ։ Բայց ամենագլխավորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերի դիրքորոշումների միջև ահռելի անդունդն ինչպես կար, այնպես էլ մնացել է։
Սա է օբյեկտիվ իրավիճակը, իսկ մնացած կանխատեսումները կամ դիրքորոշումները մինչև վերջ հստակ չեն կամ էլ պարզապես մտացածին են։ Մադրիդյան սկզբունքների վարագույրը բացված է բավականին վաղուց և պաշտոնապես։ ՈՒ թեպետ դրանք դարձել են ավելի քան լայն քննարկման առարկա ոչ միայն Մինսկի խմբի շրջանակներում, այլև շահագրգիռ պետությունների, հակամարտող կողմերի քաղաքական ու փորձագիտական շրջանակներում, դժվար է չհամաձայնել Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ, ըստ որի` «դրանք ընդամենը մոտեցումներ են, որոնց շուրջ պետք է վարվեն բանակցությունները»։ Դա նշանակում է, որ, այսպես կոչված, «սկզբունքները» չեն ենթադրում կոնկրետ փաստաթղթի ստորագրում, մանավանդ որ դրանց շուրջ ակնհայտորեն համաձայնություն չկա։ Ավելին, հակամարտող կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում դրանք։ Մասնավորապես, հայկական իշխանություններն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում ուշադրություն են հրավիրում հատկապես այն հանգամանքի վրա, որ մադրիդյան սկզբունքները ենթադրում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում ազատ կամարտահայտության միջոցով, իսկ դա արդեն նշանակում է ինքնորոշում։
Իր հերթին Ադրբեջանի նախագահը հայտարարում է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղին արդեն ճշգրտված է, և կարգավորման գործընթացում որպես առաջնահերթություն դիտարկվելու է տարածքային ամբողջականության սկզբունքը»։ Ռուսաստանի արտգործնախարարն ավելի հեռուն է գնում, հայտարարելով, թե «տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները համարժեք են, և մեկը չի կարող լինել մյուսից բարձր»։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող նոր համանախագահ Ռոբերտ Բրադկեն, առաջին անգամ Ստեփանակերտ այցելելով, խոստանում է. «Միացյալ Նահանգները կգործադրի բոլոր ջանքերը, որ Ղարաբաղի ժողովուրդն ապագայում ունենա լավ ու խաղաղ կյանք»։ Կարող է թվալ, թե միջազգային շահագրգիռ ուժերը մադրիդյան սկզբունքները դիտարկում են իբրև վերջնական տեսք ստացած փաստաթուղթ, թեպետ կան կարծիքներ, որ որոշ կետերի, մասնավորապես, խաղաղապահ ուժերի տեղակայման հարցի շուրջ նրանց միջև էլ փոխհամաձայնություն չկա։ Որոշ ադրբեջանական և ռուսական փորձագետներ պնդում են, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն մտադիր են Ղարաբաղում ռազմաբազա տեղակայել, ինչն անընդունելի է Մոսկվայի համար, որն այդ դերում տեսնում է եթե ոչ բացառապես սեփական զինված ուժերը, ապա գոնե ՀԱՊԿ-ի մեջ մտնող պետությունների համատեղ զորախումբը։
Այնուհանդերձ, մադրիդյան սկզբունքները դեռևս ուժի մեջ են։ Օրեր առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին համանախագահները ներկայացրին այդ փաստաթղթի նորացված տարբերակը` «բազային սկզբունքների» վերջնական ձևակերպմամբ։ Անցյալ տարվա դեկտեմբերին այդ փաստաթուղթը ներկայացվել է նաև Ադրբեջանի նախագահին։ Ընդ որում, միջնորդներն ուղղակիորեն հայտարարեցին, թե իրենց երևակայությունն այլևս սպառված է, և կողմերը «կա՛մ պետք է ընդունեն այդ սկզբունքները, և այդ ժամանակ հնարավոր կլինի անցնել կարգավորման շրջանակային համաձայնագրի մշակմանը, կա՛մ էլ պետք է ընդունել, որ բանակցությունների քառամյա ռաունդը մատնվել է անհաջողության, և որոշել, թե ինչ անել հետո»։ Անկասկած, հակամարտության կողմերի «դիրքորոշումները մոտեցնելու» նպատակ էր հետապնդում նաև Մեդվեդև-Սարգսյան-Ալիև երեկվա հանդիպումը։ Սակայն, ինչպես ցույց տվեց դրա ընթացքը, հակամարտության իրական կարգավորման մասին խոսելը խիստ վաղաժամ է։ Անգամ եթե կողմերին հաջողվել է համաձայնեցնել Մադրիդյան սկզբունքների նախաբանը, որին կանրադառնանք հետագայում:
Այս հոռետեսությունը հիմքեր ունի։ Բաքվի և Երևանի դիրքորոշումները գրեթե չեն հատվում։ Ավելին, չնայած ադրբեջանական տարաբնույթ մակարդակի չինովնիկները «հույս էին հայտնում», որ Մոսկվայի ջանքերով «որոշակի առաջընթացի» հիմք կստեղծվի, ռազմատենչ հայտարարությունների պակաս չէր զգացվում Սոչիի հանդիպումից առաջ։ Ադրբեջանական հանրությանն ուղղված ամանորյա շնորհավորական ուղերձում Իլհամ Ալիևը հայտարարեց. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի եղել և երբեք չի լինելու բանակցությունների առարկա։ Լեռնային Ղարաբաղը երբեք չի դառնա անկախ պետություն»։
Նրա աշխատակազմի ղեկավարն իր հերթին «զարգացրեց» թեման` հայտարարելով, թե «Ադրբեջանը պետք է պատրաստ լինի ցանկացած ձևով լուծելու ղարաբաղյան հակամարտությունը, այդ թվում` ռազմական ճանապարհով»։ Եվ այդ ամենը հայտարարվում է առանց հաշվի առնելու այն իրողությունը, որ, քաղաքակիրթ աշխարհը մերժում է, այսպես կոչված, «բազեական» քաղաքականությունը, իսկ արևմտյան ժողովրդավարական տրամաբանության համաձայն, հակամարտության կարգավորման ցանկացած ուժային փորձ միայն ամրապնդելու է այն տեսակետը, որ Ադրբեջանում իշխող ռեժիմը հակաժողովրդավարական է։
Հավանաբար, պատահական չէ, որ ԱՄՆ-ը չի շտապում Բաքվում դեսպանի նշանակման հարցում։ Այն, որ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով չի զարգանում, մեկ անգամ ևս ապացուցեց Նախիջևանի Բենանյար գյուղում ոստիկանության և տեղի բնակչության միջև տեղի ունեցած բախումն ու միջադեպը պարզելու նպատակով արևմտյան դիվանագետների ժամանումը, որոնց արգելել էին հասնել դեպքի վայր ու պարտադրել վերադառնալ Բաքու։
Ավելին, մի շարք փորձագետներ համարում են, որ ադրբեջանական արտաքին քաղաքականության մեջ բոլոր ուղղություններով լուրջ ճգնաժամ է։ Ոչ շատ վաղուց փլուզվեցին Բաքվի «հույսերը» Ղազախստանի հետ կապված։ Գլխավորելով ԵԱՀԿ-ն և հռչակելով «վստահության, ավանդույթի, թափանցիկության ու հանդուրժողականության» քաղաքականություն, Աստանան միաժամանակ ընդգծեց, որ թեկուզ իրենք կփորձեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակ առաջարկել, սակայն ղազախ փորձագետները միաժամանակ նշեցին` «չարժե կտրուկ ադրբեջանամետ քայլեր ակնկալել Ղազախստանից»։ Իսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանը, փաստորեն, վերահաստատեց Արևմուտքի այն դիրքորոշումը, որ ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեղումը նպատակահարմար չէ, ադրբեջանական դիվանագիտական «պրեսինգի» ևս մի «ծանրակշիռ փաստարկ» հօդս ցնդեց։ Այս խորապատկերի վրա ուղղակի ծիծաղելի է ադրբեջանական փորձագետների «եզրահանգումը», որ եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, ապա «այն անմիջապես կհանգեցնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջամտությանը, որտեղ Թուրքիան այս տարվա սեպտեմբերից նախագահելու է մի քանի ամսով»։
Այսպիսով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա պատկերն իրական լավատեսության հույսեր չի ներշնչում կողմերի «հաշտեցման» առումով։ Եվ, այնուհանդերձ, աշխարհաքաղաքական կենտրոնների ջանքերը ոչ միայն չեն դադարում, այլև մեծանում են։ Համաձայնենք, որ դժվար է միամտության մեջ կասկածել Մոսկվայից մինչև Վաշինգտոն գործող բոլոր այդ «խաղաղարարներին»։ ՈՒստի կարելի է ենթադրել, որ հակամարտության կարգավորման շուրջ տեղեկության շրջափակման ներկայիս ձևաչափը ձեռնտու է բոլորին և հնարավորություն է տալիս հերթական «կառուցողական հանդիպումները» մեկնաբանել իրենց շահերից և քարոզչական խնդիրներից ելնելով։ Ռուսաստանի համար դա հնարավորություն է ցույց տալու, թե ԱՊՀ-ում գոյություն ունեցող բոլոր խնդիրների բանալին իր գրպանում է։ Արևմուտքն այդ միջոցով «սուսուփուս» ամրապնդվում է տարածաշրջանում։ Գոյություն ունի նաև ընդհանուր «մասնավոր շահ», ինչը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը մինչև վերջ հասցնելն է։ Որովհետև միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի եթե ոչ իրական, գոնե ցուցադրական արագացումը կարող է ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը շարժել մեռյալ կետից։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1600

Մեկնաբանություններ